Nov 19, 2017

Filmy

Książki

Humor

Kuchnia Ormiańksa

Aktualności

Waluta

Armenia

edit SideBar

AsbarezNews

Asbarez English version

RSS feed: Asbarez - Armenian

Բաքուի Փոխակերպումները

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

 

1024leonidmardirosyanԵԱՀԿ Մինսկի խմբի գործունէութեամբ Ադրբեջանի իշխանութիւնների մշտական դժգոհութիւնը, կարծում ենք, արդէն շատ է յոգնեցրել բոլորին էլ, եւ բացառուած չէ, որ առաջին հերթին հէնց համանախագահներին: Սակայն, կաշկանդուած լինելով դիւանագիտական էթիկայի (բա-րոյագիտութեան-Խմբ.) կանոններով, նրանք յաճախ նախընտրում են լռութիւն պահպանել՝ միայն ժամանակ առ ժամանակ Ադրբեջանին յիշեցնելով, որ հիմնախնդրի լուծումը կախուած է հէնց հակամարտութեան կողմերից, որոնցից պահանջւում է ցուցաբերել քաղաքական կամք ու փոխզիջումների գնալու պատրաստակամութիւն: Մինչդեռ նման դիւանագիտական նրբանկատութիւնը, ինչպէս ցոյց է տալիս կեանքը, ի վիճակի չէ զսպել պաշտօնական Բաքուին, որը պարբերաբար միջազգային տարբեր ամբիոններից օբստրուկցիայի (խափանման-Խմբ.) է ենթարկում Մինսկի խմբին՝ նրան մեղադրելով անգործութեան մէջ:

Բոլորովին թարմ օրինակ է ԵԱՀԿ  Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատուիրակութեան գրոհները: Օրերս ԵԱՀԿ Մշտական խորհրդի հերթական նիստի ժամանակ ադրբեջանական պատուիրակութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ, թէ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից գործուն քայլեր է սպասում ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան շուրջ բանակցութիւնների ակտի-ւացման (աշխուժացման-Խմբ.) համար: Երկուշաբթի օրը (Նոյեմբեր 13) Ադրբեջանի Միլլի մեջլիսի փոխխօսնակ Բահար Մուրադովան Բաքուի զանգուածային լրատուական միջոցներին տուած հարցազրոյցում յայտարարել է, որ եթէ հակամարտութեան կարգաւորման հարցում կոնկրետ (յստակ-Խմբ.) արդիւնք չկայ, ապա, բնականաբար, Ադրբեջանը դժգոհ կը լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունէութիւնից: «Կողքից թւում է, թէ ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղուած է իր առաքելութեան կատարմամբ, քանի որ հակամարտութեան մասին շատ է խօսւում, բազմաթիւ այցեր են կատարւում, կազմակերպւում են հանդիպումներ, բայց եթէ գնահատենք այդ գործունէութեան արդիւնքները, ապա, անկասկած, այն չի կարելի բաւարար համարել», ասել է նա:

Ուշագրաւ է, որ Ադրբեջանի մեղադրանքների պատասխանը փաստօրէն հնչեց հէնց այնտեղ՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, ընդ որում, ինչը կարեւոր է՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների շուրթերից:

«Մինսկի խմբի համանախագահ-ների միջնորդական առաքելութեան արդիւնաւէտութեան համար անհրաժեշտ պայման է ծառայում տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան պահպանումը», սա մէջբերում է ԵԱՀԿում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի ելոյթից: Ընդ որում, ինչը չափազանց կարեւոր է, նա ընդգծել է, որ շփման գծում լարուածութեան եւ ռազմական ռիսկերի նուազեցման նպատակին կը ծառայէր 2016թ. Մայիսի 16ին Վիեննայում եւ Յունիսի 20ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցութիւններին ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների գործնական իրականացումը: Նոյն այդ նիստին նրան երկրորդեց ԱՄՆ առաքելութեան գործերով ժամանակաւոր հաւատարմատար Գարի Կամիանը, ով կողմերին յորդորել է կեանքի կոչել այն միջոցները, որոնք համաձայնեցուել են Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում: Յիշեցնենք, որ վիեննեան եւ սանկտպետերբուրգեան համաձայնութիւնները նախատեսում են շփման գծում զինուած միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի (մեքենակառոյցներու-Խմբ.) ներդրում ու ԵԱՀԿ դիտորդների քանակի ընդլայնում, եւ տուեալ հրամայականը հաստատուել է նաեւ ընթացիկ տարուայ Հոկտեմբերի 16ին՝ Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը: Միջնորդներն արդարացիօրէն համարում են, որ այդ սկզբունքային պայմանաւորուածութիւնների իրագործումը թոյլ կը տար դրական մթնոլորտ ստեղծել կողմերի երկխօսութեան մէջ եւ ազդակ կը հաղորդէր բանակցային գործընթացին:

Օրինաչափ հարց է ծագում. արդեօք Ադրբեջանը հետեւո՞ւմ է Ալեքսանդր Լուկաշեւիչի յիշատակած անհրաժեշտ պայմաններին: Նրա բոլոր քայլերն ամենայն ակնյայտութեամբ վկայում են, որ ոչ: Տարածաշրջանում խաղաղութիւն եւ կայունութիւն պահպանելու միջնորդների կոչերն ադրբեջանցիներն ականջի յետեւ են գցում: Ինչպէս յայտնի է, Բաքուն ի սկզբանէ դէմ է հանդէս գալիս հնարաւոր միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի ստեղծմանն ու ներդրմանը: Սակայն Մինսկի խմբի գործունէութեան նրա սաբոտաժը (խափանա-րարութիւնը-Խմբ.) սոսկ դրանով չի սահմանափակւում. դա ե՛ւ Մինսկի խմբի գործող ձեւաչափը փոխելու չդադարող փորձերն են, ե՛ւ հիմնախնդիրը բացառապէս խաղաղ ճանապարհով լուծելու իր իսկ պարտաւորութիւնից Ադրբեջանի յետ կանգնելը՝ սպառազինութեան խոշոր գն-ումներով հանդերձ, ե՛ւ հրադադարի ռեժիմի մշտական խախտումները, ե՛ւ առաջնագծից դիպուկահարներին հեռացնելուց հրաժարուելը եւ այլն: Կարծում ենք, հարցը, թէ հակամարտութեան կարգաւորման գործընթացում արդիւնքների բացակայութեան մէջ ով է իրականում մեղաւոր, ինքնըստինքեան վերանում է: Այլ խօսքով՝ եթէ Ադրբեջանը, տուեալ պարագայում ի դէմս Բահար Մուրադովայի, ինչ-որ մէկին մեղադրելու տեղ էլ ունենայ, ապա միայն ու միայն իրեն:

Այստեղ եւ հիմա անհնար է շրջանցել եւ Մուրադովայի միւս թէզիսը (տեսակէտը-Խմբ.), որ հնչեց նրա մեկնաբանութեան մէջ: Ադրբեջանցի փոխխօսնակի խօսքով՝ Իրաքի քրդական ինքնավարութեան, ինչպէս նաեւ  Կատալոնիայի հետ կապուած իրադարձութիւնների առնչութեամբ, որոնք անկախութիւն են հռչակել, համանախագահները պէտք է «վերջ տան հակամարտութիւնները երկակի չափորոշիչների դիրքից լուծելու մօտեցմանը, եւ վերաբերմունքը պէտք է դրսեւորուի միջազգային իրաւունքի շրջանակներում՝ անկախ նրանից, թէ որ երկրում է գլուխ բարձրացրել անջատողականութիւնը»:

Սա ոչ այլ ինչ է, քան՝ փաստերի բացայայտ խեղաթիւրում ադրբեջանական ձեւով, քանի որ քրդական ու կատալոնական իրավիճակների հետ զուգահեռներ անցկացնելը ու, առաւել եւս, անջատողականութեան մասին պնդումը, մեղմ ասած, ոչ կոռեկտ (ոչ ճիշդ են-խմբ.) են: Մուրադովային ու նրա բարձրաստիճան հովանաւորներին ստիպուած ենք յիշեցնել, որ ԼՂՀ հռչակումը տեղի է ունեցել ԽՍՀՄի փլուզման համատեքստում, եւ Լեռնային Ղարաբաղը, լինելով ինքնավար պետական կազմաւորում, Խորհրդային Միութիւնից դուրս է եկել որպէս նրա սուբյեկտ (ենթակայ-Խմբ.)՝ 1990թ. Ապրիլի 3ի օրէնքի հիման վրայ, որը նման նորմ նախատեսում էր: Աւելորդ չէր լինի նշել, որ ԽՍՀՄից Լեռնային Ղարաբաղի դուրս գալու գործընթացը շատ աւելի օրինական էր, քան Ադրբեջանինը: Այս ամէնը, սակայն, արդէն հեռաւոր, խորհրդային անցեալում է, որին վերադառնալ հնարաւոր չէ:

 

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ «Ազատ Արցախ» պաշտօնաթերթի գլխաւոր խմբագիրն է


ԳԻՐ ՈՒ ԳԻԾ

1118massis

 

 

 

 

 

 


«Լիբանան Կը Փորձէ Շրջանցել Հեռակառավարման Իրողութիւնը Եւ Դրսեւորել Քաղաքական Կամք». Շահան Գանտահարեան

«ԳԱՆՁԱՍԱՐ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ «ԱԶԴԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐ ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆԻ ՀԵՏ

 

ՊԷՅՐՈՒԹ.- Լիբանանի վարչապետ Սաատ Հարիրիի հրաժարականին եւ Լիբանանի ընդհանուր կացութեան շուրջ «Գանձասար» հետեւեալ զրոյցը ունեցաւ «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարեանի հետ։

 

0000SHAHAN «ԳԱՆՁԱՍԱՐ».- Վարչապետ Հարիրիի հրաժարումէն մէկ շաբաթ ետք, քաղաքական ինչպիսի՞ անդրադարձներ եղան Լիբանանի մէջ: Այս հրաժարականը օրինական կը համարուի՞ լիբանանեան սահմանադրութեան հիման վրայ:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ.- Վարչապետ Հարիրիի հրաժարականը յանկարծակիութեան գործօնով անակնկալի առջեւ դրաւ ոչ միայն հասարակութիւնը, այլ նաեւ պետական դաշտը՝ բարձրագոյն մակարդակներով: Լիբանանը երկար սպասումներէ ետք, ի վերջոյ բռնած էր համաձայնական մթնոլորտի վրայ հանգուցալուծումներ իրականացնելու ուղին եւ այդ առումով դրսեւորուած էր համակողմանի քաղաքական կամք: Թէ՛ պետական եւ թէ հասարակական-վերլուծական դիտարկումները կեդրոնացան այն տեսակէտին վրայ, որ հրաժարականը թելադրուած էր, պահանջուած, նկատի ունենալով թէ՛ Լիբանանի մէջ տիրող հանգիստ իրավիճակը եւ թէ վարչապետին Սէուտական Արաբիա կանչուիլը եւ այնտեղէն հրաժարական հնչեցնելը: Տակաւին կային այլ մանրամասնութիւններ, որոնք կը խօսէին հոգեբանական դրոյթի, օգտագործուած բառապաշարի վերլուծական մօտեցումներուն մասին, որոնք ընդհանուր տեսակէտին կը նպաստէին: Խնդիրը սահմանադրական կամ իրաւական ընդունելիութենէն աւելի քաղաքական հնչեղութիւն ապահովեց: Նախագահ Աուն առաջին վայրկեանէն յատարարեց, որ հրաժարականը չ՛ընդունիր, մինչեւ այն ատեն, որ վարչապետը չէ վերադարձած եւ իր հետ չէ խորհրդակցած հրաժարականին տուն տուող պատճառներուն շուրջ:

 

«ԳԱՆՁԱՍԱՐ».- Հայ համայնքը, ինչպէս միշտ, դրսեւորած է հաւասարակշռուած մօտեցում: Այս պարագային ի՞նչ էր լիբանանահայ համայնքին անդրադարձը:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ.- Ճիշդ է, որ հայ համայնքը նման ճգնաժամային պայմաններու դիմաց եւ ընդհանրապէս որոշած է չներքաշուիլ առճակատման մթնոլորտի մէջ: Այս պարագային, սակայն, պէտք է աւելցնել, որ նման վարքագիծ որդեգրած են ազդեցիկ իրողական լիբանանեան շատ մը կողմեր, սկսեալ Լիբանանի հանրապետութեան նախագահէն: Բոլորին պահանջը այն է, որ վարչապետը վերադառնայ Պէյրութ եւ վերստանձնէ համալիբանանեան համախոհութեան վրայ ճշդուած իր առաքելութիւնը:

 

«ԳԱՆՁԱՍԱՐ».- Այս պայմաններուն լոյսին տակ, Լիբանանի երեսփոխանական ընտրութիւնները պիտի կատարուի՞ն ճշդուած թուականին:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ.- Լիբանանի երեսփոխանական ընտրութիւնները ճշդուած ժամանակին ընելը պէտք է դիտարկել պետական հաստատութիւններու սահմանադրական ժամկէտները յարգելու սկզբունքի կիրարկման պարունակին մէջ: Լիբանանը արդէն նախագահի ընտրութենէն ետք իրաւական պետութեան վերակայացման գործընթացին մէջ է եւ անկէ շեղում կատարելը հիմնական խախտում կ՛ըլլայ այդ վարքագիծին:

 

«ԳԱՆՁԱՍԱՐ».- Սուրիական փորձը նկատի ունենալով, բնականաբար որոշ երկիրներու կողմէ լարուածութիւնը սրող յայտարարութիւններ կը հնչեն ու պիտի հնչեն: Ինչպէ՞ս կը բնութագրէք տարածաշրջանային լարուածութեան լոյսին տակ այս սրումներն ու Լիբանանի քաղաքական ներկայ իրավիճակը:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ.- Այո, ճիշդ նկատեցիք. Սուրիոյ մէջ գոյութիւն ունեցող իրավիճակը իր պատճառահետեւանքային համապատկերով մտածել կու տայ ընդհանրապէս տարածաշրջանին մէջ վերահսկելի քաոս պահպանելու աշխարհաքաղաքական ծրագիրի մը մասին:

Ժողովրդագրական նոր տեղաբաշխումներով գոյացած պատկեր, սիւնի-շիի մնայուն առճակատման մթնոլորտի թէժացումներ, պատերազմական սահմանափակ գործողութիւններով յատկանշուող կացութիւններ, քրտական գործօնի շահարկումներ եւ մասամբ  նորին կը բնութագրեն անընդհատ եռեւեփումի մէջ եղող տարածաշրջանը: Լիբանանի մէջ եւս համայնքային դրուածքը, երկար ժամանակի վրայ արձանագրուած դէպքերը, քաղաքական անորոշութիւնը, պետական հաստատութիւններու անդամալուծումը պարարտ ենթահող են որեւէ լարուածութեան յետցնցումային վիճակի ստեղծման համար: Բայց Լիբանան, հակառակ այդ բոլորին, որոշ ժամանակէ ի վեր հեռակառավարուելու իրողութիւնը կը փորձէ շրջանցել եւ դրսեւորել քաղաքական կամք՝ համալիբանանեան համախոհութիւնը առարկայացնելու թէ՛ քաղաքական, թէ՛ իրաւական եւ թէ հասարակական մակարդակներու վրայ:

 


Ջինը Դուրս Է Եկել Շշից. Թուրքական Ազգայնամոլութեան Համար Կերակուր Է Անհրաժեշտ

«ՓԱՍՏ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԱՐԵՒՄՏԱՀԱՅՈՑ ՀԱՐՑԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԷՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑԵԱՆԻ ՀԵՏ

 

 

1118haigazounԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐԵԱՆ.- Պարոն Ալվրցեան, ազգայնականութիւնն աւելանում է թուրքական քաղաքականութեան մէջ, դա ինչպէ՞ս կ՛անդրադառնայ հայերի վրայ:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎԱՐՑԵԱՆ.- Մի դիտարկում՝ Թուրքիայի մասին խօսելիս պէտք է օգտագործենք ազգայնամոլութիւն բառը: Որովհետեւ այս երկրում հէնց ազգայնամոլութիւնն է, որ մոլեգնում է: Ընդ որում՝ ֆաշիզմի հասնող շեշտադրումներով. թուրքերը բացառիկ ազգ են, իսկ միւսներն ընդհանրապէս ազգ չեն: Դպրոցներից սկսած այդ են քարոզում. թուրք ազգը աշխատասէր է, գեղեցիկ է, իսկ միւս ազգերը, յատկապէս՝ հայերն ու յոյները, դաւաճաններ են:

Աւելին՝ հանրապետական շրջանի պատմաբանների առաջին սերնդի կողմից ստեղծուեցին դասագրքեր, պատմագիտական գրքեր, ուր ասւում էր, որ թուրք ազգը նաեւ աշխարհի հնագոյն ազգն է: Որ Ադամն էլ է թուրք: Որ բոլոր ազգերի մշակոյթը, գիր ու գրականութիւնն իրենցից է գալիս, մի խօսքով՝ աշխարհի քաղաքակրթութեան հիմքն իրենք են:

Այս մօտեցումները Թուրքիայում պարարտ հող ունեցան յատկապէս 20րդ դարի 30–40ական թուականներին, երբ Եւրոպայում ֆաշիզմն էր մոլեգնում: Յետագայում էլ դրանք չնուազեցին, պարզապէս անցան ընդյատակ: Որովհետեւ թուրքերը շատ արագ կարողանում են կողմնորոշուել: Յայտարարեցին կեղծ ժողովրդավարական գաղափարներ, աշխարհիկութիւն եւ այլն, եւ այլն: Նրանք միշտ էլ կարողանում են աշխարհին խաբել:

Սակայն իրական գործընթացները ցոյց տուեցին, որ Թուրքիան չի փոխուել, թուրքը չի փոխուել: Եւ երբեք չեն էլ փոխուելու: Նրանց համար այլ ազգ գոյութիւն չունի, բացի իրենցից: Եւ պատրաստ են վերջնականապէս բոլորին ջնջել–ոչնչացնել:

Եւ ինչքան ազգային փոքրամասնութիւնների իրաւունքները բարձրաձայնւում են աշխարհում, ինչքան դրանք պաշտպանութիւն են գտնում, թուրքերն աւելի ու աւելի են յարձակողապաշտ դառնում եւ ահագնացնում իրենց ազգայնամոլութիւնը:

Հիմա կրկին ջինը դուրս է եկել շշից: Բանը նրան է հասել, որ արդէն Էրդողանը երէկուայ իր գործընկերներին է թշնամիներ համարում: Եւ ապստամբների ուրուականներ է տեսնում ամէնուր:

Նա գիտի մէկ բան՝ թուրքական ազգայնամոլութեան համար կերակուր է պէտք: Եւ բացի թուրք ընդդիմադիրներից, նաեւ ազգային փոքրամասնութիւններին է ցանկանում որպէս կերակուր մատուցել:

 

ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐԵԱՆ.- Ի՞նչ է սպասւում մեզ. վտանգ սպառնո՞ւմ է:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎԱՐՑԵԱՆ.- Անշուշտ: Թուրքիայում եղած բոլոր նման իրադարձութիւնները յղի են մեծ վտանգով: Գիտենք, որ բոլոր ժամանակներում էլ ազգայնամոլութեան վերելքն ուղեկցուել է կոտորածներով՝ փոքր կամ զանգուածային:

 

ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐԵԱՆ.-  Ինչպէ՞ս կարելի է խուսափել, դէմն առնել: Ի վերջոյ, այդքան փորձ ունենք:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎԱՐՑԵԱՆ.- Իսկ ո՞վ պէտք է դէմն առնի: Սա՛ պէտք է ճշդենք:

 

ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐԵԱՆ.- Մենք այսօր պետութիւն ունենք նաեւ:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎԱՐՑԵԱՆ.- Իսկ քո պետութիւնն ի՞նչ կարող է անել Թուրքիայում: Պետութիւն, որը ռազմաքաղաքական, տնտեսական նաեւ տարածքային առումով անհամեմատ փոքր է, անհամեմատ թոյլ է նրանից: Միաժամանակ մէկ այլ ճակատում, կրկին թուրքական այլ պետութեան հետ, արիւնաքամ պատերազմի մէջ է: Զինադադարից անցել է 23 տարի, բայց ամէն տարի զոհեր ենք տալիս:

 

ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐԵԱՆ.- Ի՞նչ է, պէտք է ձեռքներս ծալենք ու նստե՞նք:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎԱՐՑԵԱՆ.- Ոչ: Կան ատեաններ, որտեղ մեր պետութիւնը կարող է այդ մասին խօսել, հարցերը բարձրաձայնել: Բայց մեր պետական իշխանութիւնները պէտք է որոշեն՝ իրե՞նք անեն, թէ պէտք է դա անել աշխարհասփիւռ հայերի ջանքերը գործադրելու միջոցով, օգտագործելով նրանց քաղաքական, լրատուական, նիւթական, լոբբիստական եւ այլեւայլ միջոցներն ու հնարաւորութիւնները:

 

ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐԵԱՆ.- Թուրքիայում այսօր կան նաեւ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներ: Այս փաստն առաւել խոցելի չի՞ դարձնում մեր իշխանութիւններին, որպէսզի չկարողանայ որեւէ կտրուկ քայլի դիմել:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎԱՐՑԵԱՆ.- Նա ի՞նչ կտրուկ քայլի կարող է դիմել, երբ չկայ դիւանագիտական որեւէ յարաբերութիւն: Նաւատո՞րմ պէտք է ծով մտցնենք կամ ցամաքային բանակնե՞ր պէտք է շարժենք Թուրքիայի դէմ: Ի՞նչ պէտք է անենք:

Ուստի, կրկնում եմ՝ պէտք է օգտուել լոբբիստական մեր կապերից, միջազգային հարթակներից, համաշխարհային մամուլի էջերից: Եւ այս ամէնին ի սպաս դնել ողջ հայութեան ներուժը: Ընդհուպ՝ օգտագործել նաեւ դատարանները:

Սրանք են մեր լծակները, ուրիշը չունենք:

 

ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐԵԱՆ.- Վերջին շրջանում համշէնահայութեան հետ վատ միջադէպեր եղան. ի՞նչ էր կատարւում այնտեղ:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎԱՐՑԵԱՆ.-Հայախօս համշէնահայերի շրջանում կատարուեցին ձերբակալութիւններ: Ձերբակալուեց ձախակողմեան յայտնի գործիչ–մտաւորականի կինը, ով իր հայեացքների համար ինը տարի նստած էր եղել թուրքական բանտում: Կինը երեք ամսով ազատազրկուած է:

Դրանից յետոյ նաեւ ձերբակալեցին ամուսնուն, ապա՝ ուրիշ համշէնահայերի, յատկապէս՝ մտաւորականների

Անշուշտ, բացայայտօրէն չի ներկայացւում, որ ձերբակալութիւնները կատարւում են ազգային հողի վրայ: Բայց իշխանութիւնները լաւ գիտեն, որ այս մարդիկ հայ են եւ ունեն ազատական հայեացքներ: Նաեւ ընդգրկուած են թուրքական ժողովրդավարական շարժումների մէջ:

Ընդ որում, ասեմ, որ երբ մի քանի տարի առաջ Էրդողանը եկել էր Խոպա քաղաք՝ նախընտրական քարոզարշաւ անցկացնելու, համշէնահայերը յարձակուեցին նրա պահակազօրի վրայ, մէկին ծեծեցին, միւսների վրայ քարեր ու փայտեր նետեցին: Ու Էրդողանը մի կերպ փախաւ այստեղից:

Հիմա կարծես թէ վրէժխնդիր է լինում այս մարդկանցից, եւ սկսուել է համշէնահայերի նկատմամբ բռնութիւնների շրջանը: Տեսնենք, թէ մինչեւ ո՞ւր կը հասնի:


Հայկական Բանակը 30 Հրասայլ Կ՛արդիականացնէ

1118tanks

ԵՐԵՒԱՆ, «Ռազմինֆօ».- Հայաստանի բանակը կ՛արդիականացնէ իր հրասայլները: Յառաջիկային կը նախատեսուի 30 հրասայլ արդիականացնել մինչեւ Տ-72բ4 մակարդակի:

Արդիականացման պայմանագիրը կը գնահատուի 15 միլիոն տոլարով. աշխատանքները պէտք է աւարտին մինչեւ 2019:

Աշխատանքները պիտի իրականացուին հրասայլեր եւ այլ զրահամեքենաներ արտադրող ռուսական «Ուրալուակոնզաւոտ» ընկերութեան կողմէ:


Մինկեչաուրի Երկրաշարժին Իբրեւ Հետեւանք Վնասուած Է Տիգրանակերտի Ամրոցը

1117dikranagerdՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Արցախի մշակոյթի, երիտասարդութեան հարցերու եւ զբօսաշրջութեան նախարար Սերգէյ Շահվերդեան իր դիմատետրի էջին վրայ գրած է, որ 15 Նոյեմբերին, Ատրպէյճանի Մինկեչաուր քաղաքին մօտակայքը տեղի ունեցած երկրաշարժին իբրեւ հետեւանք՝ Տիգրանակերտի ամրոցը վնասուած է: Բարեբախտաբար, պատմական շինութիւնները չեն վնասուած:


Արցախ Կը Պատրաստուի Նշելու Ղարաբաղեան Շարժման 30ամեակը

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Նիուզ».- Արցախի նախագահ Բակօ Սահակեան Հինգշաբթի, 16 Նոյեմբերին ստորագրեց հրամանագիր մը. «Արցախահայութեան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղեան շարժման 30րդ տարեդարձի տօնակատարութեան կազմակերպման եւ համակարգման պետական յանձնաժողով ստեղծելու եւ դրա անհատական կազմը հաստատելու մասին: Յանձնաժողովի նախագահն է Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը»:


Թուրքիոյ Մէջ Լուսային Տարիներով Հեռու Են Արցախի Հարցի Էութենէն. Հայաստանի ԱԳՆի Արձագանգը Էրտողանի Յայտարարութիւններուն

 

1118dikranbalayan

Թուրքիա պէտք է շարունակէ կարելի եղածին չափ հեռու մնալ Արցախի հակամարտութեան կարգաւորման գործընթացէն: Այս մասին, ըստ «Արմէնփրէս»ի, յայտարարած է Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան խօսնակ Տիգրան Բալայեան՝ մեկնաբանելով Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութինի հետ հանդիպումէն ետք թուրք լրագրողներուն նախագահ Էրտողանի կատարած յայտարարութիւնը:

«Այդ մեկնաբանութիւնները դարձեալ ցոյց կու տան, որ Թուրքիոյ մէջ լուսային տարիներով հեռու են ղարաբաղեան հիմնահարցի էութենէն եւ բովանդակութենէն: Թուրքիա պէտք է շարունակէ որքան հնարաւոր է հեռու մնալ Արցախի հարցի կարգաւորման գործընթացէն», ըսած է Բալայեան:

Նշենք, որ թրքական «Սթար» թերթը մէջբերած էր Էրտողանի խօսքերը. Թուրքիոյ նախագահը լրագրողներուն յայտնած էր, որ Փութինի հետ քննարկած է արցախեան հակամարտութեան հարցը: Ան դարձեալ յիշեցուցած է 5 շրջաններու վերաբերեալ ՄԱԿի բանաձեւերը:


Նալբանդեան Կ՛անդրադառնայ Ատրպէյճանի Յայտարարութեան

 

1118brazil

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Ուրբաթ, 17 Նոյեմբերին, Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեան հանդիպեցաւ պաշտօնական այցով Երեւան ժամանած Պրազիլիոյ արտաքին յարաբերութիւններու նախարար Ալոիզիօ Նունյես Ֆերերայի հետ:

Հանդիպումէն ետք տեղի ունեցաւ միացեալ մամլոյ ասուլիս մը, որուն ընթացքին Էդուարդ Նալբանդեան պատասխանեց լրագրողներու հարցումներուն:

Ստորեւ, կը ներկայացնենք այս հարցազրոյցէն հատուածներ.

 

ՀԱՐՑ.- Հարցս ուղղում եմ պարոն Նալբանդեանին: Վերջին օրերին համանախագահները Մոսկուայում հանդիպումներ ունեցան սկզբում ձեզ հետ, ապա՝ Ադրբեջանի արտգործնախարարի: Այս ֆոնին, Բաքուից հնչել է, թէ Ադրբեջանն ակնկալում եւ անգամ պահանջում է, որ ղարաբաղեան բանակցութիւնները կոնկրետ արդիւնքներ ունենան: Ինչպէ՞ս կ՛արձագանգէք այս յայտարարութեանը:

ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴԵԱՆ.- Հայաստանը մշտապէս կողմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման նպատակով ինտենսիւ (խտացեալ-Խմբ.) բանակցութիւններին, որովհետեւ բանակցային գործընթացին այլընտրանք չկայ: Այս առումով մենք կարեւորում ենք եռանախագահող երկրների միջնորդական ջանքերը՝ ուղղուած հիմնախնդրի բացառապէս խաղաղ կարգաւորմանը: Այդ համատեքստում (այդ պարունակին մէջ-Խմբ.) էին նաեւ կազմակերպուած հանդիպումները եռանախագահների, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ:

Մենք արդէն տեղեկացրել ենք, որ մեզ հետ այդ հանդիպման ընթացքում քննարկուել են վերջին գագաթաժողովներին՝ Ժնեւում, դրանից առաջ՝ Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում, ձեռք բերուած համաձայնութիւնների իրականացման հնարաւորութիւնները: Նաեւ պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ հանդիպում կազմակերպուի ԵԱՀԿ նախարարական՝ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում Վիեննայում այս տարուայ Դեկտեմբերին: Հնարաւոր է, որ այդ հանդիպումը լինի Դեկտեմբերի 6ին, 7ին կամ 8ին: Դեռ յստակ օրը եւ ժամը ճշդուած չէ, բայց այդպիսի հանդիպման համաձայնութիւն տուել են երկու կողմերը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող յայտարարութիւններին, ապա կը յիշեցնէի նորից, որ եռանախագահող երկրներն ամենաբարձր մակարդակով կոչ են անում զերծ մնալ ապակառուցողական, մաքսիմալիստ (ծայրագոյնեան-Խմբ.) դիրքորոշումներից, եթէ կողմերը ցանկանում են հիմնախնդրի կարգաւորումը:

Եռանախագահները կոչ են անում վերահաստատել յանձնառութիւնը միջազգային իրաւունքի երեք յայտնի սկզբունքներին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում եւ տարածքային ամբողջականութիւն՝ որպէս հիմնախնդրի կարգաւորման հիմք: Արդեօք Ադրբեջանը դա անո՞ւմ է:

Եռանախագահները կոչ են անում իրականացնել Վիեննայի պայմանաւորուածութիւնը միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի (մեքենակառոյցի-Խմբ.) ստեղծման մասին: Եւ ոչ միայն Վիեննայում. այդ հարցի շուրջ մենք խօսում ենք արդէն առնուազն վերջին ութ տարիների ընթացքում: Յիշեցնեմ, որ դեռ 2011-2012թթ. Սոչիում եռակողմ յայտարարութիւններ են ընդունուել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով, որտեղ արդէն ասւում էր, որտեղ արդէն խօսւում էր մեխանիզմի ստեղծման մասին: Արդեօք Ադրբեջանն անո՞ւմ է դա:

Եռանախագահները կոչ են անում ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի մոնիթորինգային (հսկողւթեան-Խմբ.) կարողութիւնները: Իսկ ի՞նչ է անում Ադրբեջանը: Անում է ամէն ինչ, որ եթէ անգամ շատ ձեւական ինչ-որ թուի աւելացում լինի այդ թիմի, ապա սահամանփակ լինեն մոնիթորինգային հնարաւորութիւնները:

Եռանախագահներն ամենաբարձր մակարդակով՝ այդ երկրների նախագահների մակարդակով, Դովիլում ընդունուած յայտարարութեան մէջ կոչ արեցին կողմերին համաձայնութիւն տալ Կազանում հիմնախնդրի կարգաւորման հիմնարար սկզբունքներին: Արդեօք Ադրբեջանը դա արե՞ց: Մենք մօտ ութ-ինը տարի քննարկում էինք հիմնարար սկզբունքները, յետոյ Ադրբեջանն ասաց, որ հիմնարար սկզբունքների կարիք չկայ եւ դրանք պէտք չէ քննարկել: Եւ դա եղել է ոչ միայն Դովիլում, ոչ միայն Կազանում…

Այս շարքը կարելի է շատ-շատ երկար շարունակել:

Այնպէս որ, յայտարարութիւններ անել, իրենցից գառնուկ ձեւացնելով. կարծում եմ որեւէ մէկին խաբել չեն կարող: Գիտէք, ժողովրդական ասացուածք կայ, որ ինչքան էլ քարոզ կարդաս գայլի գլխին, գայլը մնում է գայլ:

 

ՀԱՐՑ.- Առաջիկայ օրերին մենք սպասում ենք ձեր ռուսաստանցի գործընկերոջ տարածաշրջանային այցին՝ Երեւան, Բաքու, որից յետոյ դուք կարծես հանդիպելու էք Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Գուցէ, ինչ-որ նոր գաղափարնե՞ր, առաջարկնե՞ր է բերում պարոն Լաւրովը:

ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴԵԱՆ.- Այստեղ աւելի շուտ պէտք է խօսել ոչ թէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման վերաբերեալ տարբեր մօտեցումների, որոնք յայտնի են, ես արդէն նշեցի դրանց մասին, աւելի շուտ կարելի է խօսել Ադրբեջանի եւ Եւրամիութեան, Ադրբեջանի եւ միջազգային հանրութեան միջեւ մօտեցումների տարբերութեան մասին: Գիտէք, այդ տարբերութիւնը բազմիցս ակնյայտ է եղել, նաեւ նախորդ գագաթաժողովների ժամանակ, այդ թւում՝ Արեւելեան գործընկերութեան:

Եւրամիութեան դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման վերաբերեալ մշտապէս նոյնն է եղել. ի աջակցութիւն եռանախագահող երկրների ջանքերին եւ մօտեցումներին: Դա ինչ-որ կոնիւնկտուրային (պատահական-Խմբ.) դիրքորոշում չէ, այլ բաւական մտածուած, գիտակցուած եւ այնպիսի մօտեցում է, որ վնաս չհասցուի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորմանը, այլ նպաստելով եռանախագահող երկրների ջանքերին եւ մօտեցումներին՝ նպաստի հիմնախնդրի բացառապէս խաղաղ կարգաւորմանը: Եւրամիութեան այս դիրքորոշումը երբեւէ չի փոխուել:

Ինչ վերաբերում է այդ հռչակագրին, ապա բանակցութիւնները շարունակւում են, եւ մինչեւ բանակցութիւնները չեն աւարտուել, այդ հռչակագրի վերաբերեալ ինչ-որ բանի մասին այսօր յայտարարելը, դեռ վաղաժամ է: Մի քանի օր դեռ կայ: Տեսնենք:

Ինչ վերաբերում է Լաւրովի այցին, ապա դա պաշտօնական այցելութիւն է: Լաւրովն այստեղ է լինելու Նոյեմբերի 20-21ին: Այս այցելութիւնն առաջին հերթին նուիրուած է լինելու դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25ամեակին: Հայաստանի ազգային պատկերասրահում մենք բացելու ենք բաւական կարեւոր ցուցահանդէս՝ նուիրուած այդ յոբելեանին: Նաեւ մի շարք այլ միջոցառումներ են նախատեսուած այդ այցելութեան շրջանակներում:

Բնականաբար, պարոն Լաւրովը հանդիպում կ՛ունենայ նաեւ Հանրապետութեան նախագահի հետ, բանակցութիւններ կը կայանան արտաքին գործերի նախարարութիւնում, հնարաւորութիւն կ՛ունենանք նաեւ մամուլի ասուլիսով հանդէս գալ, եւ կարող էք այն ժամանակ ուղղել հարցերը թէ՛ ինձ, թէ՛ Լաւրովին:

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է եւ բաւական կարեւոր դերակատարութիւն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման ջանքերում՝ որպէս եռանախագահող եւ որպէս Հայաստանի եւ Ադրբեջանի կարեւորագոյն գործընկեր:

Ինչպէս գիտէք, մենք ունենք դաշնակցային ռազմավարական յարաբերութիւններ Ռուսաստանի հետ: Իհարկէ, այդ նոր այցելութիւնը հնարաւորութիւն կը տայ քննարկելու երկկողմ յարաբերութիւններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, նախագահների մակարդակով ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների իրականացումը: Նախագահների միջեւ վերջին հանդիպումը կայացաւ երկու օր առաջ Մոսկուայում: Դա կարեւոր իրադարձութիւն էր նուիրուած՝ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25ամեակին եւ Ռուսաստանում Հայաստանի մշակոյթի օրերի բացմանը:

Հարցերի շրջանակը շատ լայն է: Մենք, ինչպէս յայտնի է, ունենք դաշնակցային յարաբերութիւններ եւ դրանով արդէն շատ բան է ասուած՝ բազմաշերտ, բազմաբովանդակ եւ խորը համագործակցութիւն ունենք: Մենք ջանք չենք խնայում, որպէսզի այդ յարաբերութիւններն առաւել զարգանան եւ ամրապնդուեն: Դրան է ուղղուած լինելու Լաւրովի հերթական այցելութիւնը Հայաստան:

Ինչ վերաբերում է ինչ-որ առաջարկների, ապա նշեմ, որ հեծանիւ հնարելն այս կարգաւորման գործընթացում դժուար է: Վերջին տարիների ընթացքում բազմաթիւ աշխատանքային փաստաթղթեր ենք քննարկել, բայց բանակցային գործընթացի հենքը նոյնն է մնում, որի մասին մենք բազմիցս ասել ենք: Եթէ Ադրբեջանը աւելի աչալուրջ լինի այն կոչերին, այն մօտեցումներին, որոնք եռանախագահող երկրները միջազգային հանրութեան անունից ներկայացնում են՝ որպէս հիմնախնդրի կարգաւորման հիմք, ապա առաւել մեծ հնարաւորութիւններ կը բացուեն այս գործընթացն առաջ մղելու եւ արդիւնքներ ունենալու համար:


Գարեգին Կաթողիկոսին Յովսէփեան Վարժարան Այցը

 

1116hovsepian2 1116hovsepian1 1116hovsepian

ԱՆԻ ՄԱՐՍԷԼԵԱՆ

 

Չորեքշաբթի, Նոյեմբեր 1ին, Յովսէփեան վարժարանի աշակերտները մէկտեղուած էին Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին, օրհնութիւնը ստանալու համար Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսին: Շարականի երգեցողութեամբ եւ աշակերտներու ջերմ ընդունելութեամբ վեհափառը մուտք գործեց տաճար:

Սարգիս քհնյ. Բէթոյեան բարի գալուստ մաղթեց վեհափառին ու իր հոգեւորական կեանքի հանգրուաններէն մին յիշեցնող նկար մը նուիրելով՝ շնորհակալութիւն յայտնեց ու բարի կեցութիւն մաղթեց։

Վարժարանի տնօրէն Շահէ Մանկրեան իր խօսքին մէջ յայտնեց իր անսահման ուրախութիւնը եւ փոխանցեց աշակերտներուն ուրախութեան ու հպարտանքի զգացումները՝ պատմական այցելութեան առթիւ: Վեհափառը ողջունեց աշակերտները ու իր պատգամն ու օրհնութիւնը ուղղելով անոնց։ Նշելով հայ դպրոցին անհրաժեշտութիւնը՝ հայ մանուկի ազգային նկարագիր կազմելու ու հայապահպանման սրբազան առաքելութեան մէջ, ան գնահատեց Սփիւռքի հայ դպրոցներու եւ հոգեւոր նուիրեալներու աշխատանքը:

«Դպրոցը մեր ազգային կեանքին մէջ այն գաւիթն է, ուր մեր երեխաները գիտելիքներ ձեռք կը բերեն, ուսում կը ստանան եւ ազգային նկարագիր կը կերտեն, որպէսզի կարենան ազգային կեանքի մէջ մուտք գործել եւ իրենց արժանաւոր գործերով զարդարել զայն: Մեր պատանիները եւ երիտասարդները որքա՛ն հաստատուն նկարագիր ունենան, այդքա՛ն իրենց գիտակցութիւնը պայծառ կ՛ըլլայ, իրենցմով պիտի ծաղկի ու պայծառանայ մեր ազգային կեանքը եւ եկեղեցին Սփիւռքի այս հեռաւոր ափերուն՝ Լոս Անճելըսի մէջ եւ նոյնիսկ հո՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի եկեղեցւոյ մէջ», ըսաւ վեհափառը եւ աւելցուց. «Մենք Ս. Էջմիածինէն օրհնութիւններ բերած ենք ձեզի: Բերած ենք սէր մեր հայրենիքէն՝ Հայաստանէն, եւ կը հրաւիրենք բոլո՛րդ Հայաստան: Եկէ՛ք եւ տեսէք ձեր հայրենիքը եւ անոր մէջ գտնուող սրբազան վայրերն ու սրբութիւնները, որոնք ստեղծուած են մեր նախահայրերուն կողմէ: Մեր հայրերը այդ սրբութիւններով ապրած են դարեր շարունակ, անոնցմով զինուած են ու զօրացած եւ կարողացած են դիմագրաւել բոլոր դժուարութիւններն ու փորձութիւնները: Պէտք է շատ սիրէք ձեր հայրենիքը եւ շատ սիրէք մեր եկեղեցին: Դուք ամէն օր դպրոցէն տուն կը շտապէք, որովհետեւ ձեր ծնողքը ձեզի կը սպասէ, իսկ եկեղեցի կու գաք, որովհետեւ Աստուա՛ծ ձեզի կը սպասէ, հետեւաբար՝ եկեղեցի գալով պիտի վայելէք Աստուծոյ սէրը»։

Ապա, ան շնորհակալութիւն յայտնեց տնօրէնին, մանկավարժներուն ու յատկապէս սրբազան հօր ու հոգեւոր հայրերուն, որոնք քրիստոնէական շունչով ու հոգիով կը դաստիարակեն նոր սերունդը, որպէսզի անոնք մեծնան, հասակ առնեն ու արժանաւոր զաւակները դառնան իրենց ծնողքին, հայրենիքին ու եկեղեցիին:

Վեհափառը իր արժէքաւոր յուշանուէրը յանձնեց քահանայ հօր, ապա լաւ տպաւորութիւններով բաժնուեցաւ «Յովսէփեան»ի աշակերտներէն, որոնք մինչ նոր հանդիպում՝ բարի երթ մաղթեցին անոր:


RSS

Szukaj

Linki

Telefonia

Reklama

Administracja

Group & Page

Back Links

Stats